ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական, ավելի ճիշտ, թշնամական երկրի

Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական, ավելի ճիշտ, թշնամական երկրի
11.07.2023 | 17:33

ԹԵԵՎ ՄԻՇՏ ԷԼ ԹՇՆԱՄԻ Է ԵՂԵԼ, ՊԱՐԶԱՊԵՍ ԾՊՏՅԱԼ

Թերևս շատ քչերը կարող էին հավատալ կամ պատկերացնել, որ գալու է այս օրը, բայց այն եկավ…

Ռուս- թուրքական հարաբերություններում ճաքերն արդեն սկսվել են:

Ինչպես այսօր տեղեկացրել է «Коммерсантъ» – ը, ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ թուրքական իշխանությունների կողմից ՈՒկրաինային «Ազով» ազգային գումարտակի (ՌԴ-ում ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է) հրամանատարների հանձնումը վկայում է, որ Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական երկրի: Սենատորն Անկարայի որոշումը անվանել է սադրիչ։

ՈՒկրաինային «Ազով»-ի հրամանատարների հանձնումը պայմանավորվածությունների խախտում է անվանել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, և նշել, որ Ռուսաստանի իշխանություններին չի զգուշացվել նրանց պատրաստվող հանձնման մասին:

«Թուրքական իշխանությունները Կիևին են հանձնել «Ազով» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներին, որոնք պետք է փաստացի տնային կալանքի տակ մնային Թուրքիայում մինչև Հատուկ ռազմական գործողության ավարտը (դա անկյունաքարային պայմանավորվածություն էր Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև գերիների փոխանակման շրջանակներում)։

Թուրքիան դա միտումնավոր անտեսել է, բացի այդ, հանդես է եկել ՆԱՏՕ- ին ՈՒկրաինայի արագացված անդամակցության և ՈՒկրաինայում հարվածային անօդաչուների գործարանի կառուցման օգտին»,- ТАСС -ին ասել է հիշյալ կոմիտեի ղեկավարը։

Է՞, Թուրքիան պատմության ընթացքում քանի՞ անկյունաքարային պայմանավորվածություն է խախտել…

Այս պետությունը գազան է, բորենի, որը պատրաստ է հարմար պահին հետևից հարձակվել կամ դաշույն խրել ցանկացածի մեջքին, հետևաբար հասկանում է միայն ուժի լեզուն:

Բոնդարևի կարծիքով, Թուրքիայի նման քայլի պատճառ է հանդիսացել ՆԱՏՕ-ի կողմից ճնշումը, ինչպես նաև հացահատիկի գործարքի փաստացի դադարեցումը, թեև, նրա համոզմամբ, «նույնիսկ հավաքական Արևմուտքի մեծ ճնշման ներքո կարելի էր պահպանել սեփական դեմքը»: Որպես օրինակ, Բոնդարևը նշել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին:

«Ռուսական կողմը և երկար համբերող է, և գթասիրտ, բայց նաև հասկանում է, թե ովքեր են իսկական թշնամիներն ու ընկերները,- ասել է քաղաքական գործիչը:- Մեզ Թուրքիայի հետ կապում են բազմաթիվ քաղաքական շահեր, ընդ որում, բոլորի համար վաղուց ակնհայտ է, որ ԵՄ-ում Թուրքիային երբեք չեն վերցնի, իսկ ՆԱՏՕ- ին այն անհրաժեշտ է միայն նրա համար, որպեսզի վերահսկի Սևծովյան նեղուցները և կայունացնի (ապակայունացնի) մերձավորարևելյան տարածաշրջանը»:

Այստեղ Բոնդարևը սխալվել կամ էլ, հասկանալի պատճառներով, չի ցանկացել փակագծերն ամբողջությամբ բացել. Թուրքիան ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ- ին անհրաժեշտ է նաև մեր տարածաշրջանում ՌԴ-ի համար պատերազմի երկրորդ ճակատ բացելու և Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու համար: Կարելի է ենթադրել, որ Թուրքիային շահագրգռելու և այդ, մեղմ ասած, վտանգավոր արկածախնդրության մեջ ներքաշելու համար, ԱՄՆ- ը և

ՆԱՏՕ- ն նրան հուսադրում են, թե դրանով հնարավորություն կունենա իր պանթուրքական ծրագիրն իրագործելու:

Երբ Թուրքիայում վերջերս կայացած նախագահական ընտրություններում, մեղմ ասած, արևմտամետ, «Արևմուտքի մարդ» Քեմալ Քըլըլչդարօղլուն պարտվեց, վերընտրվեց Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շատ քաղաքագետներ, վերլուծաբաններ ռուս- թուրքական հարաբերություններում գոնե առաջիկա տարիների համար կանխատեսեցին անամպ երկինք:

Սխալվեցի՛ն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծում ենք, բավականաչափ ճանաչելով և՛ թուրքին, և՛ Էրդողանին, և՛ Թուրքիան, այնուհանդերձ, անցած ժամանակաընթացքում հնարավոր ամեն ինչ (մի բան էլ չափից ավելին…) արեցին գազանին իրենց մոտ ու վերահսկելի պահելու համար: Նույնիսկ Թուրքիայում ԱԷԿ կառուցեցին, գազային հանգույց կառուցելու ցանկության ու մտադրության մասին հայտնեցին, Թուրքիային ռազմավարական նշանակության С- 400 զենիթահրթիռային համալիրներ վաճառեցին…

Վերոնշյալի արդյունքում Ռուսաստանը ժամանակ շահեց թե՛ Սիրիայում ու մեր տարածաշրջանում Թուրքիա- Ռուսաստան ռազմական բախումներից ու պատերազմից խուսափելու, թե՛ Թուրքիայի կողմից ՈՒկրաինա ռազմական տեխնիկայի, զենք- զինամթերքի մասշտաբային մատակարարումները զսպելու, թե՛ ՌԴ-ի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին Թուրքիայի ամբողջական, լիարժեք մասնակցությունից խուսափելու առումներով:

Բայց… թուրքը մնում է թուրք, Թուրքիան՝ Թուրքիա, և, ուշ թե շուտ, այս օրը գալու էր:

ՈՒղղակի այն սպասվածից շուտ արագ եկավ, քանի որ ՈՒկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ պատերազմող ԱՄՆ-ը ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքը, չնայած իրենց կողմից ՈՒկրաինային տրված ահռելի ռազմական օգնությանը, ռազմի դաշտում հաջողությունների չհասան, միաժամանակ ամերիկյան դիվանագիտությունը կարողացավ ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից Թուրքիայի նախագահին համոզել, որ եկել է ՌԴ-ի դեմ գործելու պահը:

Ռուս- թուրքական հարաբերություններում իրադարձությունների զարգացմանը հետևում ենք վաղուցվանից: Նախանշանը, որ այդ հարաբերություններում շուտով ճաքեր են ի հայտ գալու, արձանագրվեց դեռ

ս.թ. հունիսի 24-ին, երբ Ռուսաստանը կանգնած էր զինված հեղաշրջման միանգամայն իրական վտանգի առջև և երկրի համար նույնիսկ պատմական առումով իսկապես ծանր ու վտանգավոր ժամանակ էր:

Այդ օրը թե նախօրեին Էրդողանը Պուտինին հաճոյանալու համար շողոքորթաբար, կեղծավորաբար հայտարարեց, թե որևէ պետություն չպետք է օգտվի Ռուսաստանում ստեղծված իրավիճակից: Սակայն երբ Եվգենի Պրիգոժինի ղեկավարած «Վագների» ստորաբաժանումներին դրանից ժամեր հետո հաջողվել է կարճ ժամանակում Ռոստովից մոտենալ Մոսկվային, և իրադարձությունները ցանկացած պահի կարող էին վերաճել ներքին լայնածավալ ռազմական բախման՝ անկանխատեսելի հետևանքներով, այսինքն՝ Մոսկվայի համար բավական լուրջ վտանգ էր առաջացել, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, անշուշտ, Էրդողանի հանձնարարությամբ զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, և երկուսով քննարկել են Ռուսաստանում տիրող իրավիճակը:

Կրեմլում դժվար թե հասկացած չլինեն, թե նրանք գիշանգղերի նման ինչ են քննարկել: Թուրքիան և ԱՄՆ-ը կարծել են, առնվազն հնարավոր են համարել, թե Ռուսաստանի ծնկներն ուր որ է, կարող են ծալվել, և քննարկել են, թե համապատասխան, հարմար պահին իրենցից յուրաքանչյուրն առանձին- առանձին ու միմյանց հետ համագործակցելով, ինչ են անելու ՌԴ-ի դեմ:

Որպես Թուրքիայի կողմից գործողությունների միանգամայն հնարավոր սցենար, կարող էր լինել Էրդողանի «ֆասն» Ալիևին՝ Արցախի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսելու համար՝ դրանում սկզբում Ադրբեջանի, ապա, անմիջապես հետո, իր (Թուրքիայի) դեմ պատերազմի մեջ ՌԴ- ին ներքաշելու, Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում երկրորդ ճակատ բացելու և նրան ռազմավարական պարտության մատնելու հաշվարկով: Լուկաշենկոյի միջնորդությունը, վերջին պահին Պուտինի և Պրիգոժինի ողջախոհությունը կանխեցին նաև նշված սցենարի իրականացումը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ